«Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը ընտրությունը կատարելուց հետո պատախանել է լրագրողների հարցերին
Armenia Today-ի թղթակիցը Մասիսի քաղաքապետի թեկնածուին ուղղված հարցադրումներ արեց՝ կապված 2018թ.-ի իրադարձությունների ու դրանց շուրջ իր դեմ հարուցված քրգործերի հետ: Ըստ քրգործերից մեկի՝ նա 2018թ. հեղափոխական գործընթացների ժամանակ բռնություն էր գործադրել քաղաքացիների նկատմամբ:
Անդրադառնալով նախ Էրեբունու փողոցում տեղի ունեցածին՝ նա ասաց. «Գրեցին, որ մենք բռնություն ենք կիրառել և այլն: Այն մարդիկ, ովքեր այդ կեղտոտ ձեռագրի հեղինակներն էին, այօր էլ մեզ հակառակ են գործում: Ինձ ձերբակալեցին այդ գործով, մի քանի օր հետո բաց թողեցին, նորից կալանավորեցին, հետո Քննչական կոմիտեն երկու հոդվածները հանեց իմ վրայից: Ի լուր աշխարհի հայտարարում եմ՝ ես կապ չունեմ այդ գործերի հետ: Ինձ վրա մի հոդված է մնացել մինչ օրս՝ կապված Հայանիստի խաչմերուկում տեղի ունեցածի հետ: Այո, ես եղել եմ այնտեղ, ես գնացել եմ Հայանիստի խաչմերուկ այն ժամանակ, երբ արդեն մեծ կոնֆլիկտ կար»:
Թեկնածուն, սակայն, չխոսեց գործի մասին՝ հայտարարելով, որ սպասում է դատարանի վճռին:
«Կապրենք, կտեսնենք՝ Դավիթ Համբարձումյանը կապ ունեցել է այդ գործերի հետ, թե ոչ»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե անգամ ընտրվելուց հետո իր դեմ կալանավորման գործընթաց սկսի, պատրաստ է դեպքերի նման զարգացման:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում: