Իմ շանսերը բարձր եմ գնահատում: Լրագրողների հետ զրուցում, անդրադառնալով շանսերի վերաբերյալ Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Մասիսի քաղաքապետի թեկնածու, Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը:
Նա հայտարարեց նաև, որ չընտրված քաղաքապետի հետ չի բանավիճում՝ նկատի ունենալով Մասիս համայնքի մեկ այլ թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ բանավեճի չմասնակցելու որոշմանը:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ, այսպես ասած, հողեր հանձնողի համբավ ունեցող կուսակցության հետ է համագործակցում՝ նա արձագանքեց. «Ընդդիմությունն է հանձնել, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած էդ ստորագրությունը եղել է, որ հանձնվելու է»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանն է: