ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 33,80 տոկոս: Ինչպես հաղորդում է ԿԸՀ-ն՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 1112396 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ իր ընտրությունը կատարել է 376003-ը:
Մասնակցության առումով Լոռու մարզի Թումանյան համայնքը շարունակում է առաջատարը մնալ: Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը։ Ամենապասիվը Արմավիր քաղաքն է: Այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս՝ ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր, 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել են 4190 թեկնածուներ։ Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: