«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 330 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 335 հազար 100 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։ Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլեւս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս առաջ համացանցում մերձիշխանական գործիչները տարածում էին տեղեկություն, թե ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայատանը ջախջախիչ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ: Բոլորս շնչակտուր սպասում էինք վերջնարդյունքին, որն, անշուշտ, պիտի ազդարարեր Ադրբեջանի վայրագությունների համար պատժիչ գործողությունների սկիզբը, բայց, ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք. Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անհրաժեշտ համարեց երկու կողմերին՝Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել: Ըստ այդմ, պետք է Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան եւ աջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է եւ վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: Օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի»։