Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարությունը լրացումներն ու փոփոխություններն առաջարկել է՝ հաշվի առնելով երկում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված վիճակը:
Ըստ նախագծի, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Նշենք, որ կարգավորումները չեն տարածվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
Ի դեպ, օրինագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ այս օրինագծով կառավարությունը դիմում է պատժիչ միջոցների։
Նա նշեց, որ դիմել է, որպեսզի կենսաթոշակառուներին, որպես խրախուսական միջոցառում, կամավորության սկզբունքով պատվաստվելու դեպքում միանվագ 10 հազար դրամ վճարվի, բայց կառավարությունը մերժել է։