ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈՒ-ն բռնագրավեց ԱՀ Հադրութի շրջանի երկու գյուղեր՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին ՀՀ վերահսկողության տակ։
Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ղեկավարին հարցադրում արեց, թե այդ գյուղերը տրամաբանորեն համարվո՞ւմ են հայկական և ինչո՞ւ դրանց վերադարձը օրակարգի հարց չի դառնում։
«Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի երկու գյուղերը, որի հետևանքով մոտ մեկ տասնյակ զոհ ունեցանք և 62 անձ գերեվարվեց»,- ասաց պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հին Թաղերում 9 զինվոր մինչև վերջ կանգնել է և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի։
Փաշինյանը նկատեց, որ որ այդ գյուղերում զինծառայողների գերեվարման դրվագով քրեական գործ կա հարուցած։
«Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ այդ գործով անցնող առանցքային մեղադրյաներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորվել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը։ Ամենևին խնդիր չկա հնարավորինս իջեցնել թեման, որովհետև վախենամ՝ այդ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ»,- ասաց վարչապետը։