Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան։ Այսպես անուն առ անում ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց իրենց խմբակցության այն բոլոր պատգամավորների անունները, որոնք կալանավորված են։
«Ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ իրենց տեղում՝ Սյունիքում լինեի՞ն, թե՞ բանտում»,- նման հարց ուղղեց պատգամավորը՝ դիմելով, իր խոսքերով, պաշտպանության պարկեշտ նախարարին։
Սուրեն Պապիկյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, նախ շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, ապա հավելեց, որ հարցն իր տիրույթում չէ։
Հետո որպես հռետորական հարցի՝ պատասխանեց․ «ՀՀ-ն յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե ամեն դերակատար պատշաճ կատարեր իր պարտականությունները, այդ թվում՝ քիչ թալաներ»։
Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ պարզ հարց էր տալիս և կարծում էր՝ ուրիշի հուշարարության կարիքը չէր ունենալու։
Նա ցավով արձանագրեց, որ պարկեշտ նախարարը պարզ հարցին չկարողացավ պատասխանել։
«Երբ որ ես ասում էի պարկեշտ նախարար, իմ տեղեկացվածությունը այդպիսին է ձեր մասին, ես ձեզ հարց չէի տալիս դատական համակարգի մասին, պարզ հարց էի տալիս ու կարծում էի՝ պարկեշտությունն այնքան կարևոր հատկություն է, որ այդ պարզ հարցին պատասխանելու համար ուրիշ մեկի հուշարարության կարիք չպիտի ունենաք»,- դիտարկում արեց պատգամավորը։
Նորանշանակ նախարարը բարձր ամբիոնից խոստացավ իր պարտականությունների և հնարավորութունների շրջանակներում անել ամեն ինչ Սյունիքը պաշտպանված դարձնելու համար։