Եթե չկան բանավոր պայմանավորվածություններ, ապա ո՞ր գրավոր պայմանավորվածության արդյունքում է, որ զորքերի՝ իրենց տեղերում մնալու կետին չենք ենթարկվում, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել, Սև լիճը սահմանի այն կողմում է հայտնվել, և մեր իշխանությունները դեռ լռում են։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ի՞նչ բանավոր պայմանավորվածության հիմքով է Ադրբեջանի նախագահն իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ պահանջել, որ հայկական կողմը «Զանգեզուրի միջանցքի» բացման օրը հայտնի»,- հարցրեց պատգամավորը։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա վերահաստատեց այն հայտարարությունը, որը ՀՀ ԱԳ նախարարությունը երեկ տարածեց Ալիևի հայտարարություններին ի պատասխան։
«Ուզում եմ հավաստել, որ մեր քննարկումները կամ բանակցությունները հիմնված են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և Սոչիի եռակողմ ստորագրված հայտարարությունների հենքի և հիմքի վրա»,- ասաց նա։ Փոխվարչապետը շեշտեց, որ անտեղի է խոսել բանավոր պայմանավորվածությունների մասին, քանի որ այդպիսիք չկան անգամ քննարկման մակարդակում։
Իսկ թե ինչո՞ւ են զորքերն ամեն դեպքում տեղաշարժվել, Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք հետևողական ենք եղել, փորձել ենք պահպանել այն կետերը, որոնց տակ ստորագրել ենք։