Մենք կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, դրանում հետաքրքրված ենք, և ԱԳՆ հայտարարության մեջ էլ արձանագրված է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին։
Փաշինյանն արձանագրեց, որ եռակողմ աշխատանքային խմբում բոլոր մասնակիցների մասնակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Նրա ներկայացմամբ՝ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո։
Երթուղիների հարցը վարչապետը բաժանեց երկու մասի։
«Երթուղայինի հատվածում մեկ տարբերակ ունենք՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, որը պետք է վերականգնվի՝ հայաստանյան հատվածը ՀՀ ներդրումների հաշվին։ Ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված մի քանի տարբերակ է քննարկվում, և վարչապետը հույս ունի, որ կգան արագ լուծումների և համաձայնությունների»,- մանրամասնեց վարչապետը։
Ընդդիմադիր պատգամավորը հետո հարց ուղղեց «Զանգեցուրի միջանցքի» վերաբերյալ՝ եթե ճնշումներ լինեն և պատերազմի սպառնալիք, պահի լրջությունը գիտակցելով՝ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարվել պաշտոնից, որպեզի երկիրը պատերազմի չգնա։
Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ «Ես ուզում եմ իմանալ, թե դուք ո՞վ եք ու ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ որ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ», – ասաց նա։
Նա նշեց, թե «Հայաստան» խմբակցության առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է:
«Ես խորհուրդ եմ տալիս ձեզ դատի տալ, ու մենք առիթ կունենանք դա ապացուցելու»,- բարկացավ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հստակ է եղել մեկ բան, որ Հայաստանում կան ազդեցության ցանցեր ու հիմա մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք այսպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը, ես սրանում չեմ կասկածում: Դուք Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք, ու ես սա ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք»,- հայտարարեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։