Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին նվիրված «3+3» ձևաչափով համագործակցության պլատֆորմի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Այս մասին այսօր հայտնել է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««3+3» ձևաչափով համագործակցության տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությամբ է, տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները: Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը Թուրքիան կներկայացնի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի մասին։ Նա հայտնել էր նաև, որ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է նիստին։