Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
Նրանք անդրադարձել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով, և ընդգծել դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։