Այսօր հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին նվիրված «3+3» ձևաչափով համագործակցության պլատֆորմի առաջին նախանիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Առաջարկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինն է։ Մոսկովյան հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները:
Armenia Today-ը Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել է ձևաչափի շուրջ հնարավոր զարգացումներին ու նախանիստին մասնակցելու ՀՀ իշխանությունների որոշմանը։
«Տարածաշրջանային համագործակցության նպատակով նման ձևաչափի առաջարկներ դեռ 1990-ականների սկզբից են արվել, և սա նոր չէ։ Այնպես չէ, որ այս գաղափարը նոր է ծագել, բայց հայտնի պատճառներով նման ձևաչափով հարթակ այդպես էլ չի ստեղծվել։ Հիմա փորձ է արվում այդ ձևաչափին նոր միս ու արյուն տալ»,- մեզ հետ զրույցում ընդգծել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է արդեն նոր իրողությունների պայմաններում այդ ձևաչափին դեմ չլինելու ու հանդիպման առաջարկն ընդունելու ՀՀ իշխանությունների որոշմանը՝ նա շեշտեց․
«Հիմա Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե «3+3»-ի ձևավորումը որքանո՞վ է բխում մեր շահերից և ինչ է իրենից ներկայացնելու այդ համագործակցությունը։ Նախ սկսենք նաև նրանից, որ Վրաստանը դեռևս չկա նախանիստի քննարկման փուլում։ Սա նշանակում է, որ այն ոչ թե «3+3», այլ «3+2» է լինելու, եթե, իհարկե, այդ գործընթացը սկսի։ Երկրորդ՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, թե ինչ է ենթադրելու ձևաչափը համագործակցության տեսանկյունից։ Այսինքն՝ ինչ նախագծեր են լինելու, ինչ համագործակցության մասին է խոսքը, և արդյոք «3+3»-ը կամ «3+2»-ը փոխարինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Արդյոք դա դառնալու է պլատֆորմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից։ Այնպես որ, հարցերը շատ են, ու դեռ հստակություն չկա՝ ՀՀ իշխանություններն ինչ են պատկերացնում «3+3» ասելով։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Վրաստանն այստեղ շատ կարևոր ցուցիչ կարող է լինել ԱՄՆ-ի դիրքորոշումը հասկանալու տեսանկյունից»։
Դիտարկմանը՝ այս պահին, ամեն դեպքում, կարո՞ղ ենք խոսել ձևաչափի հնարավոր բացասական ազդեցության մասին ՀՀ շահերի տեսանկյունից՝ նա արձագանքեց․
«Եթե այս նախագծի նատակն է այս տարածաշրջանից ԱՄՆ-ի, Եվրոպայի ազդեցությունը կրճատելը կամ տարածաշրջանից դուրս թողնելը, ապա ՀՀ իշխանությունները պետք է մտածեն, թե դա որքանով է համապատասխանում ՀՀ-ի շահերին։ Իսկ եթե այդ ձևաչափը նման միտում չունի, պետք է հետևել իրադարձություններին՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունենալու, ինչ է իրենից ներկայացնում այս գաղափարն ու առաջարկը։ Պետք է հասկանանք, թե այդ ձևաչափը տնտեսական համագործակցություն է, տարածաշրջանային, թե քաղաքական համագործակցության բաղադրիչներ է ունենալու։ Մինչև չհասկանաք, թե ձևաչափն ինչպիսի բաղադրիչներ է ունենալու, հստակ որևէ բան չենք կարող պնդել ու ասել՝ սա որքանով կհակասի կամ կհամընկնի ՀՀ-ի շահերին։ Ավելի գործնական պատկերացումներ պետք է ունենալ ավելի գործնական պրոցեսների մասին ու հետո հասկանալ, թե որքան է դա բխում կամ հակասում ՀՀ-ի շահերին»։
Հիշեցնենք նաև, որ երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի մասին։ Նա հայտնել էր նաև, որ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է նիստին։
Հավելենք նաև, որ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է նախանիստին չմասնակցելու մասին։