Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները հաստատել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը:
Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով՝ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում Մոսկվան աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Ինչպես և պայմանավորվել էին Սոչիում, ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին աշխատանքներ են սկսվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Մենք նաև ակնկալում ենք հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ շարունակվում են ջանքերը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Սոչիի պայմանավորվածությունների իրականացման հարցը քննարկվել է դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցների ընթացքում:
Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերջնագրային բնույթի մասին հարցին, որը հայկական կողմից պահանջել է նշել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկին կոչ է արել զերծ մնալ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը արգելակող հայտարարություններից, առավել ևս այն հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության և իրավիճակի սրմանը:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ և անդամ, մի երկիր, որը խաղաղարար ջանքերի մի ամբողջ համալիր է ձեռնարկում, իրենից կախված ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու, ինչպես նաև բոլոր պայմանավորվածությունները կատարելու համար։ Առավել ևս, որ խոսքը գնում է երկարատև հակամարտության մասին, բայց այսպես թե այնպես Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չխորանա»,- նշել Է Զախարովան։
Խոսելով վաղվա՝ «3+3» ձևաչափով նիստի մասին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միջոցառումը տեղի կունենա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Ճիշտ է, Վրաստանի ներկայացուցիչները, չնայած հրավերին, ձեռնպահ են մնացել մասնակցությունից։
Զախարովան նաև մեկնաբանել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Նա նշել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ հանդիպման արդյունքներով կհաստատվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը:
Պատասխանելով ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հրաժարվելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերից Բաքվի հրաժարվելու հնարավորության մասին հարցին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումն իսկապես ծրագրված էր: «Ինձ թվում է, որ բոլոր գնահատականները տրված են «Եռյակի» դեկտեմբերի 4-ի հայտարարության մեջ ։ Այս դեպքում պետք է խոսել ոչ թե անցյալի, այլ այն մասին, թե ինչ պետք է անեն կողմերը շփումների և հանդիպումների շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։
Նա նաև պատասխանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ հայտնի հայտարարության մասին հարցին: Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ էր հստակություն մտցնել հարցի էության վերաբերյալ։ Թեման շոշափվել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ «Մենք այդ թեման փակ ենք համարում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: