Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է TACC-ը։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Վաղը երեկոյան նա եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասաց նա։ Դիվանագետի խոսքով՝ առաջիկա հանդիպման նպատակն է օգնել այս երկու երկրներին ուղիղ կապ հաստատել և բարելավել հարաբերությունները։
«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց միջև վստահության մակարդակը բարձրացնելու համար՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի շատ հաջող մեկնարկի վրա, որը հաստատվել է մի քանի շաբաթ առաջ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Նշվել է, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու առաջարկն արել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։ «Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակն ու լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաև, ըստ հաղորդագրության, «հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»։