Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդները չորեքշաբթի օրը Բրյուսելում կանցկացնեն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը: Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցրեց ծրագրին իր մասնակցությունը:
Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթնաժողովի օրակարգում են Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների հետ կապված հարցեր, հայտնում է TACC-ը։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
«Վաղը Արևելյան գործընկերության գագաթնաժողով ունենք: Մենք մտադիր ենք քննարկել ներդրումների մեծ ֆինանսական փաթեթ: Եվ մենք հուսով ենք, որ դա կարող է նաև խթանել տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը»,- նշել է Շառլ Միշելը:
Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի և վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համատեղ նախաձեռնությունն է: Ինչպես և սպասվում է, նախաձեռնության շրջանակում Եվրամիության երկրները կհաստատեն իրենց մտադրությունը՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։