Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ։
«Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ»,- գրել է Կարապետյանը։
Նա պաշտոնապես հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ «Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» դեկտեմբերի 12-ին հոդված էր հրապարակել, որտեղ Հայկ Մարությանի մասին գրել էր, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: «Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում»,- գրել էր կայքը: