Ես տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները»,- ասաց վարչապետը՝ արձանագրելով, որ պայմանավորվածությունը վերահաստատվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում։
«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանն այդ երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանը կապ կստանա Նախիջևանի հետ։
Փաշինյանը նշեց, որ եթե հաջողվի Թուրքիայի հետ համաձայնության գալ կոմունիկացիաների բացման առումով, ապա այս նախագիծն ավելի մեծ մասշտաբ կստանա։
Նա հայտնեց, որ նեղ կազմով խորհրդակցություն կանեն, որպեսզի կոնկրետացնեն պատկերացումները, ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։
Մանրամասները՝ տեսանյութում։