ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի օրը Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև առկա լարվածության կապակցությամբ:
Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել, որ սահմանների չսահմանագծված հատվածներում զինվորականների ցանկացած տեղաշարժ սադրիչ և անպատասխանատու Է։
ԱՄՆ նախագահի օգնականը ողջունել է կողմերի միջև շարունակվող շփումները։ Նա հայտնել է վստահության ամրապնդմանն աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։
«Սալիվանը ողջունել է այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Սալիվանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու համար և ընդգծել բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման և Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության մասին»,- հավելել է Հորնը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԽ քարտուղարի գրասենյակը հայտնել էր Արմեն Գրիգորյանի և Ջեյք Սալիվանի հանդիպման մասին։