Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների դիմումները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների բացման հարցով։ Այս մասին ԱՄԷ կատարած այցի արդյունքների մասին խոսելիս լրագրողների հետ զրույցում հայտնել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։
Չավուշօղլուի խոսքով՝ ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Տրանսպորտի նախարարությունում և Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր վարչությունում։
«Սկզբունքորեն թուրքական կողմի վերաբերմունքը հարցի նկատմամբ դրական է։ Մոտ օրերս կորոշվի, թե որ ընկերությունները կկարողանան թռչել այդ երթուղով»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վերաբերյալ դրական մեսիջներով են հանդես եկել։
«Առանձնակի կարևորություն են ներկայացնում Երևանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման Բաքվի կոչերը։ Այդ ազդանշանները ցույց են տալիս նաև Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները հարցի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով: Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։ ՀՀ ԱԳՆ-ը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին պայմանավորվածության առկայությունը: