Դեկտեմբերի 17-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԱԳՆԽ հանդիպմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Շնորհակալություն հայտնելով վրացական նախագահությանն անցյալ վեց ամիսներին տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ջանքերի համար՝ Վահե Գևորգյանը ՍԾՏՀ-ի առաջիկա 30-ամյակի համատեքստում նշեց, որ հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները: Նա ներկայացրեց Հայաստանի տեսակետները ՍԾՏՀ-ի աշխատանքային մեթոդները բարելավելու հնարավորության վերաբերյալ։
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։