Այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն հինգերորդ ուղևորը։ Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սա ոչ սովորական համագումար է, որը տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների։
««Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին և օտար երկրում հաստատվելու հույս փայփայում, սա ռեկորդային ցուցանիշ է, ուզում եմ պատկերացնեք աղետի աստիճանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը մատնանշեց, որ Հայաստանում գրեթե ամեն երրորդն աղքատ է, այդ ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին 2 տարիներին։
«44-օրա պատերազմի հետևանքով 35 հազար արցախցի, կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնաց, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ։ Սա մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողած ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների վաստակ ու վտանգված ինքնություն։ 44-օրյա պատերազմում 5 հազար ընտանիքներ կորցրին իրենց հույսը, 5 հազար երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5 հազար ընտանիքներ այդպես էլ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին։ Այս աղետին գումարվեց համավարակը, որը հազարավոր կյանքեր խլեց՝ մեզ թողնելով մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերն ու մարտում միայնակ թողեց զինվորին։