ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այսօր, դեկտեմբերի 19-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում՝ 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում Դաշնակցության և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ։
Դաշնակցությունը տարբեր համայնքների ՏԻՄ ընտրություններում ձևավորված ավագանիների կազմում ունի 70 անդամ, և շուրջ 10 դաշնակցական ավագանու անդամ է դարձել այլ դաշինքների ցանկերում․ 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս արձանագրեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
Իսկզբանե ակնհայտ էր, որ ՏՊ համակարգի բարեփոխումների անվան տակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է իր ազդեցությունը տարածել: Այս մասին իր ելույթում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։
Նա նշել է, որ գործող վարչախումբը մինչև ընտրությունները ազատվեց բոլոր այն համայնքի ղեկավարներից, որոնք իրենց համար անցանկալի էին՝ նշանակելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, որոնք հետագայում հայտնվեցին ՔՊ ավագանու ցուցակներում և քվեներ ապահովեցին ՔՊ կուսակցության համար։
ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշել է․ «ՀՀ անկախության պատմության մեջ այնպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում և անցկացում՝ ինչպիսին ՏԻՄ ընտրություններն էին, Հայաստանում չի եղել: ՏԻՄ ընտրություններում իշխանության ձեռքով մի մեծ շիրմաքար է դրվել «ժողովրդավարություն» հասկացության վրա: Այս իշխանությունների հոգեվարքը սկսվելու է հենց այս ընտրությունների արդյունքներից։ Ամեն մեկն իր տանը պետք է զգա այս պատուհաս իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է»: