ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Վանեցյանը։
«Այսօր առավոտյան այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ»,- հայտնել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններում ամենաշատ քվե ստացած Մամիկոն Ասլանյանը երկու ամիս առաջ էր հեռացել պաշտոնից, ընտրություններին իր անունով ստեղծված դաշինքով էր մասնակցել:
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական ճնշում է համայնքապետի նկատմամբ։