«Իմ քայլը» բոյկոտեց Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 38 հարց։
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քվորում չլինելու պատճառով կես ժամ ընդմիջում է հայտարարում։ Նիստը կկայանա, եթե ընդմիջումից հետո քվորում ապահովվի։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ուրախալի լուր ունի․ այսօր հայտարարվել է ևս 280 վերալակի մրցույթ:
«2021-ին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր մեր վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթն այս պահին ընթացքում է, այսինքն՝ ստացվեց 100: Ընդհանուր առմամբ 520 վերելակ արդեն տեղադրված է, ընդհանուր թիվը եղավ 620: Ավելի վաղ հայտարարել էի, որ 100 վերելակի մրցույթն արդեն դրել ենք և ևս 280 էլ այս պահին արդեն մրցույթը հայտարարվեց: Փաստացի 2022 թվականին մենք կունենանք ընդհանուր Երևանում փոփոխված լրիվ նոր 1000 վերելակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։ Նշենք, որ «Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում առաջադրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: