Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ զրուցել ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր ռիսկերից, Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից։ Նրա հետ համեմատական եզրեր ենք անցկացրել 2021-ի ու 2009-ի իրողությունների միջև, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բայց այդպես էլ կյանքի չկոչվեցին։
Տիրան Լոքմագյոզյանն Armenia Today-ի հետ զրույցում նախ շեշտեց, որ, առհասարակ, Հայաստանի ոչ մի իշխանություն դեմ չի եղել հայ-թուրքական երկխոսությանը։
«Բայց տարիներ շարունակ Թուրքիան նախապայմանների լեզվով է խոսել։ Թուրքիան մեզ, այսպես ասած, ուզում էր պատին դեմ տալ։ Իսկ իր այդ «լավության» դիմաց իր օգտին ստիպում էր ինչ-որ նախապայմաններ ընդունել, ինչը, իհարկե, ճիշտ չէ։ Իսկ Հայաստանը միշտ շեշտել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստանի բոլոր ղեկավարները մինչ օրս մերժում էին Թուրքիայի նման մոտեցումն ու ճիշտ էին անում։ Հատկապես թուրքի պարագայում եթե ինչ-որ նախապայման ընդունես, հետո երկրորդ պարտադրանքն է դնելու, որից հետո գալու է երրորդը, չորրորդը ու այդպես շարունակ։ Իսկ նման իրավիճակ մենք արդեն այսօր ենք տեսնում․ Էրդողանը հայտարարեց Հայաստանից ստացած դրական ազդակների մասին, ինչը նշանակում է, որ իր նախապայմաններն արդեն ընդունվել են Հայաստանի կողմից։ Իսկ հետո Էրդողանը հայտարարեց ևս մեկ նախապայմանի մասին։ Մեծ հաշվով՝ նախապայմանների վերջը չի գալու, նման ձևով հարաբերությունների կարգավորման չի կարելի գնալ։ Այն ձևով, որով այսօր արդեն սկսել ենք գործընթացը, ամենասխալ ձևն է, թեպետ սա այսօրվա իշխանության հակահայկական, պրոթուրքական գործելաոճն է»,- ասաց թուրքագետը։
Անդրադառնալով 2009-ի գործընթացին ու այսօրվա իրողություններին՝ նա շեշտեց․ «Արձանագրությունների ժամանակ ևս Թուրքիան փորձեց նույն քայլերով առաջ գնալ, սակայն այդ ժամանակ մերժվեց։ Թուրքիան փորձեց, բայց Հայաստանը մերժեց, վերջում եղավ այնպես, որ փաստաթուղթը ստորագրվեց առանց նախապայմանների։ Ոչ մի նախապայման չկար, իսկ էրդողանը Բաքվից հայտարարեց, որ արձանագրությունները չեն վավերացվելու մեջլիսի կողմից, քանի հայերն Արցախը չեն հանձնել Ադրբեջանին»։
Նրա խոսքով՝ այն ժամանակ ու այսօր առկա իրավիճակները համեմատելի չեն, քանի որ այն ժամանակ հայկական կողմն առանց նախապայմանների գործընթացին էր մեկնարկ տվել․
«Մինչդեռ Էրդողանը, որն այն ժամանակ գործըթնացի խանգարողն էր, այսօր հայտարարում է Հայաստանի կողմից ստացած դրական ազդակների, խոսում սահմանի բացման մասին։ Սա նշանակում է, որ իր նախապայմանները բավարարվել են։ Ընդհանարպես երկու երկրների հայտարարություններից երևում է, որ կան բանակցություններ, սակայն ոչինչ չի հրապարակվում։ Կարծում եմ՝ այդ նախապայմաններն արդեն ինչ-որ գաղտնի փաստաթղթում որպես կետ են ամրագրվել։ Այս ամենը նորից գիշերային ինչ-որ ստորագրություններով, ինչ-որ պայմանավորվածություններով է առաջ գնում, որից երկիրն ու ժողովուրդն անտեղյակ են։ Մի փոքր տեղեկություն անգամ չկա։ Իսկ եթե գաղտնի է պահվում, նշանակում է՝ մեզ համար ինչ-որ բացասական դրույթներ կան։ Մեզ, սակայն, ասում են՝ նախապայման չկա։ Իհարկե, չի լինի, եթե այն արդեն փաստաթղթի կետ է դարձել այնպես, ինչպես եղավ Արցախի դեպքում, երբ 7 շրջանների հանձնումը տեղ գտավ փաստաթղթում։ Այս դեպքում արդեն պահանջները դադարում են նախապայման կամ պայման լինել ու դառնում են պայմանագրի կետ»։
Ամփոփելով՝ թուրքագետը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների նման կարգավորման հնարավոր ռիսկերից։
«Մեզ համար վատ ու բացասական հետևանքներ կարող են լինել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բարոյական տեսանկյունից։ Մենք այդպիսով հանձնած կլինենք նաև մեր ինքնիշխանությունը։ Բացի այդ, թուրքական քաղաքականությունը, տնտեսությունը կարող են մուտք գործել այստեղ։ Իսկ մենք ի՞նչ ունենք այսօր։ Եթե մենք գոնե մի քիչ Թուրքիայի տնտեսության հետ համահավասար տնտեսության ունենայինք, այս մտահոգությունները կարող էին չլինել, բայց թուրքական տնտեսությունը բուլդոզերի նման գալու ու գնալու է Հայաստանի տնտեսության վրայով։ Ոչ մի տնտեսվարող թող դրական սպասելիքներ չունենա այդ հնարավոր գործընթացից, որովհետև դառնալու է թուրքի գործարանի դռնապանը։ Մենք կամաց-կամաց կուլ ենք գնալու Թուրքիային ու Ադրբեջանին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու, Հայաստանի ներկայացուցիչը՝ Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։