Այսօր շատ են ասում, թե ինչու չենք գնում արտահերթ ընտրությունների։ Այդ մասին մեր հանրությանն ուզում եմ ասել, որ ընտրությունների գնալն ի վնաս Երևանի է լինելու։ Այս մասին ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ և Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին նախագծի նախաձեռնող Արմեն Գալջյանը։
Նա նշեց, որ ընտրություններ նշանակելու դեպքում քաղաքը 3 ամիս ղեկավար չի ունենա, ավագանու նիստեր չեն լինի, և քաղաքը պարզապես կանգ կառնի, դա կբերի լրացուցիչ ցնցումների՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ երկրին։
Նա իր խոսքում նշեց, որ քաղաքապետի և իշխող «Իմ քայլը» դաշինքի միջև անջրպետ է առաջացել, ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, և համատեղ աշխատանքն այլևս անհնարին է դարձել։
«Ես երկու տարի այսպես աշխատել հնարավոր չէ։ Խմբակցությունը լքելու Մարությանի որոշումն ընդամենը պատճառ է, քանի որ ճգնաժամը վաղուց է՝ կա»,- կարծում է Գալջյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Նշենք, որ «Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում առաջադրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: