Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին, տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է, որ թվային բավական ծավալուն օրակարգ ունեն, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունեն այն արդյունքները, որոնք ակնկալում են ունենալ:
«Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ գործընթացի գործակալ գերատեսչության հարցը լուծենք: Եվ կա առաջարկ, որ այդ հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը և բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ»,- ասել է նա:
Հաջորդիվ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և փոխնախագահ Ներսես Երիցյանը քննարկման են ներկայացվել թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը:
Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների և ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձևավորման և թվային լուծումների միջոցով ներառական և անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է:
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Վարչապետը նշել է, որ թվային փոխակերպման կարևորագույն առաջնահերթությունը պետք է լինի էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, թվային հարթակների փոխգործելիության և կիբերանվտանգության ապահովումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները: