Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրություն են հայտնել Վրաստանի մասնակցությամբ։ Թբիլիսիի համար ձևաչափին միանալու դուռը միշտ բաց է։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցության վերաբերյալ հարցին և հակասություններին, ապա, ինչպես գիտեք, դեկտեմբերի 10-ին հարթակի առաջին հանդիպմանը բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, միաձայն արտահայտեցին իրենց շահագրգռվածությունը Թբիլիսիի՝ այս ձևաչափում մասնակցության վերաբերյալ, համաձայնեցին, որ դուռը Վրաստանի համար միշտ բաց է»,- նշել է Զախարովան:
Մեկնաբանելով Անկարայում ձևաչափի հաջորդ հանդիպումը անցկացնելու հնարավորության մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ դիվանագետը հիշեցրել է․
«Սա հուշում է, որ այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը համատեղ աշխատանքը շարունակելու և գործնական փոխգործակցության հաստատելու հարցում շատ մեծ է։ Բայց հաջորդ հանդիպման վայրի և բովանդակության համաձայնեցումը տեղի է ունենում արտաքին գերատեսչությունների միջոցով՝ բոլոր մասնակիցների կոնսենսուսի հիման վրա։ Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարը»,- ասել է Զախարովան։
Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել էին այս գաղափարը, Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղությունը պահպանելու համար:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի էր ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով: