Բրյուսելյան եռակողմ հանդիպումները զարգացնում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լաչինի միջանցքում անցակետեր ստեղծելու Բաքվի մտադրության մասին հարցին։
Զախարովայի խոսքով՝ այս համաձայնագրերի առարկայական քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները։ Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը։
«Ինչպես պետությունների ղեկավարները փաստացի համաձայնել են, մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծերի վաղաժամ մեկնարկի ուղղությամբ»,- ասել է Զախարովան։
Նա նաև հավելեց, որ աշխատանքներ են տարվում կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Մոսկվան ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Բայց միևնույն ժամանակ, շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը, ասել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում վերջինիս նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Միշելը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ԵՄ պատրաստակամության մասին։ Հաջորդ օրն Ալիևն ու Փաշինյանը ևս մեկ հանդիպում ունեցան՝ այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։