ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայում Դուդաևի այգու բացումը, ասել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն։
Զախարովան այս մասին ասել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում` հավելելով, որ Մոսկվան ակնկալում է, որ Անկարան լրջորեն կընդունի Ռուսաստանի ազդանշանները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը բացարձակ մերժում է ահաբեկիչների, գրոհայինների, ծայրահեղականների հերոսացման ցանկացած գործելակերպ։
Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ նման քայլերի անթույլատրելիության մասին իր ազդակները լրջորեն կընդունվեն թուրքական կողմից:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ավելի վաղ իր Telegram-ի ալիքում գրառում էր կատարել, որտեղ մեղադրել էր թուրքական իշխանություններին Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Նա կոչ է արել ՌԴ ԱԳՆ-ին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։