Պետական վերահսկողական ծառայությունն այսօր ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երևանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ մանրամասներ չհայտնելով։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն ստուգումներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանում։ Ըստ լուրերի՝ ուսումնասիրվում են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքապետարանի եկամուտները, բյուջեի ծախսերը։
Հիշեցնենք, որ հետաքրքիր զարգացում տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իմպիչմենթ հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նրան պաշտոնանկ արեցին։
Ըստ քվեարկության արդյունքների՝ Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին։
Հատկանշական է՝ Հայկ Մարությանն իր ելույթում նշել էր, որ տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով և մերժում ստացել։
Հավելենք, որ խոսակցություններ կան, թե Մարությանի հեռացումից հետո հնարավոր է քրեական գործեր հարուցվեն նրա դեմ։