Կառավարության անդամներն ամփոփել են Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության ծրագրերի արդյունքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Սյունիքի մարզում իրականացվել է շուրջ 1,1 մլրդ դրամի ծրագիր, որն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ։
«Սյունիքի մարզում լայն թափով իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն։ Սա նույնպես չափազանց կարևոր ծրագիր է։ Ուզում եմ ասել, որ Սյունիքի մարզում միայն միջգերատեսչական խմբի աշխատանքի շրջանակներում չեն ծրագրեր իրականացվում։ Մեր կրթական ոլորտի ռազմավարական ծրագրերն որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից»,- մարզում առաջիկայում նախատեսվող ծրագրերը ներկայացրեց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցնել է, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու ծրագրի շրջանակում:
«Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար:
Ուզում եմ ընդգծել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման նույնպես էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»,- շեշտել է Փաշինյանը։
Ի դեպ, կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության վերաբերյալ: Զեկուցվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:
Մանրամասները՝ տեսանյութում։