Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս ։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում»,- ասել է նա։
Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ` առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում:
«Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- ընդգծել է նա։