Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ու վստահության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այդ նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը, ըստ Զախարովայի, տրամաբանական և խելամիտ քայլ է:
«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է այդ գործընթացում միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին», – ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր Մոսկվայում հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու Անկարայի պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս «առանց միջնորդների Հայաստանի հետ ուղղակի շփումների» օգտին: