Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել: Օրակարգում դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
Նիստին ներկա էր ՔՊ խմբակցության մի քանի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի ներկայացման հարցը, բայց թեկնածու չեն առաջադրել, հետևաբար օրակարգում հարց չունեն:
«Այս խնդիրը կստանա իրավական իր լուծումը, մինչ այդ իրավաբանները կհուշեն, թե ինչպես անցնել այս ձևական մասը»,– հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ արդեն 15 անգամ չի հաջողվում ընտրել. «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները դեմ են:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչև ՔՊ խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը: