Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում նախատեսված «3+3» ձևաչափով թվով երկրորդ հանդիպմանը: Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը, այս մասին նա հայտարարել է թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում։
Պարբերականը հիշեցնում է, որ Անկարան բազմիցս կոչ է արել համագործակցության նոր հարթակ ստեղծել, որը կմիավորի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին: Նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Մոսկվայում։ Վրաստանն այդ ժամանակ ևս չի մասնակցել հանդիպմանը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի հարթակի երկրորդ նիստին։ Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը Թուրքիային և Ադրբեջանին ռազմավարական գործընկերներ է համարում, իսկ Հայաստանին՝ պատմական և բարի հարևան:
«Սակայն Ռուսաստանը մի երկիր է, որը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- հայտարարել է Ջանջգավան:
Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ։