Թուրքիան ուշադիր հետևում է Ղազախստանում իրավիճակի զարգացմանը և հավատում է, որ երկրի ղեկավարությունը կհաղթահարի ներկայիս ճգնաժամը։ Ինչպես տեղեկացնում Է TACC-ը, այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են 2022 թվականի հունվարի 2-3-ին և այսօր առավոտյան հանգեցրել են կառավարության հրաժարականին։ Մենք մեծապես կարևորում ենք բարեկամ Ղազախստանի կայունությունը, խաղաղություն և հանգստություն ենք մաղթում եղբայրական ժողովրդին, ինչպես նաև վստահ ենք, որ Ղազախստանի ղեկավարությունը կհաղթահարի այդ ճգնաժամը: Հավատում ենք Ղազախստանի ժողովրդի առողջ դատողությանը և մաղթում, որ որքան հնարավոր է շուտ իրավիճակը կայունանա»,- նշվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ում նաև շուտափույթ ապաքինում են մաղթել նրանց, ովքեր վիրավորվել են զանգվածային միջադեպերի հետևանքով։
Հիշեցնենք, որ Մանգիստաուի շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ կոչ անելով նվազեցնել գազի գները: Ավելի ուշ բողոքի ակցիաներն ընդգրկել են ամբողջ Ղազախստանը։ Իշխանությունները ցուցարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են Մանգիստաուի մարզում հեղուկ գազի գնի իջեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարներն անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ։
Հիշեցնենք նաև, որ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Հանրապետության մայրաքաղաք Նուր- Սուլթանում արտակարգ դրություն և պարետային ժամ սահմանելու մասին:
Հունվարի 5-ին Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք, ներսում հրդեհ է սկսվել։
Քաղաքային վարչակազմի աշխատակիցները դուրս են բերվել շենքից, նախքան ցուցարարները գրոհի փորձ էին ձեռնարկել։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը։