ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուն խոսել է Ղազախստանում առկա իրավիճակի մասին և համոզմունք է հայտնել, որ բռնությամբ հնարավոր չէ լուծել խնդիրները։ Այս մասին հաղորդում է TACC-ը:
«Որպես ԵԱՀԿ նախագահ` ես ուշադիր հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
Բռնությունը երբեք ճիշտ պատասխան չէ ընթացիկ խնդիրների լուծման համար։ Ես իրավիճակի դեէսկալացիայի և երկխոսության մեկնարկի կոչ եմ անում»,- ասված Է Զբիգնև Ռաուի՝ Twitter-ում արված հայտարարության մեջ:
TACC-ը հայտնում է նաև, որ Ալմաթիում «Мир» հեռուստաալիքի ներկայացուցչության գրասենյակը ենթարկվել է ցուցարարների գրոհին, աշխատակիցները տարհանվել են:
Հիշեցնենք, որ Մանգիստաուի շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ կոչ անելով նվազեցնել գազի գները: Ավելի ուշ բողոքի ակցիաներն ընդգրկել են ամբողջ Ղազախստանը։ Իշխանությունները ցուցարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են Մանգիստաուի մարզում հեղուկ գազի գնի իջեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարներն անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ։
Հիշեցնենք նաև, որ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն և պարետային ժամ սահմանելու մասին: Հունվարի 5-ին Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք, ներսում հրդեհ է սկսվել։ Քաղաքային վարչակազմի աշխատակիցները դուրս են բերվել շենքից, նախքան ցուցարարները գրոհի փորձ էին ձեռնարկել։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը։