Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու՝ ՀՀ կառավարության որոշումը: Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը Ղազախստանում տեղակայվելու են ժամանակավոր՝ մինչև այնտեղ իրավիճակի կարգավորումը:
«Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման և օրինական դաշտ վերադարձնելու գործում»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Ըստ ԱԳՆ-ի՝ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: