«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ և թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։ Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղաբալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիա զոր դեսպան։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորաբար, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։ Հավելենք, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։