«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մտադիր է պարզել հիմնադրամի միջոցների ծախսման օրինականությունը։ Խոսքը ՀՀ կառավարությանը փոխանցված միջոցների մասին է։
Այս մասին երեքշաբթի հանձնաժողովի նիստում հայտարարել է քննիչ հանձնաժողովի ղեկավար, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ «Մենք ենք, մեր սարերը» նախագծի շրջանակներում հիմնադրամի կողմից հավաքված մոտ 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամը Հայաստանի կառավարությանը փոխանցելու օրինականությունը։
«Մեր նպատակն է հասկանալ, թե որքանով է գումար պետբյուջե փոխանցելը համապատասխանում գործող օրենսդրության դրույթներին»,- ասել է Մինասյանը:
Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստին ներկա հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խնդրել է նիստի մնացած մասն անցկացնել փակ ռեժիմով: Սակայն հանձնաժողովի անդամները որոշում են կայացրել պետական գաղտնիք չպարունակող կետերի շուրջ քննարկումն անցկացնել բաց ձևաչափով։