Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Ղազախստանում անկարգությունների ժամանակ Ղազախստանի հակաահաբեկչական գործողությանը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման կարևորությունը:
Այս մասին ասվում է Ուզբեկստանի ԱԳՆ-ի կայքում։
Նշվում է, որ այսօր տեղի է ունեցել թյուրքական երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ առցանց նիստը, որտեղ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը:
«Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդն ընդգծել է միջազգային իրավունքի հիմնական նորմերի և սկզբունքների պահպանման կարևորությունը և պաշտպանել Է Ղազախստանի կառավարության հակաահաբեկչական գործողություններն ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ, որոնք սահմանադրական կարգի տապալման նպատակ են հետապնդում»,- ասված Է խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանի տարածաշրջաններում իրավիճակը կայուն է, ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է։ Նա նշել էր, որ Ղազախստանից ՀԱՊԿ-ի զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից: Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Երկրի արևմուտքում բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Այնուհետև սկսվել է թալան, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա, խլել զենքերը: Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Ղազախստանի ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել է 17 ուժային։
Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել կառավարությանը և գլխավորել Անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրի իրադրությունը կարգավորելու համար: Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել 100 խաղաղապահների։