Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա շեշտեց իրենց հռչակած քաղաքականության մասին, որն ամրագրվել է նաև կառավարության ծրագրում։
«Առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է։ Մյուս կողմից՝ ասել եմ, որ մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ օրակարագ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ-շատերը փորձելու են ապացուցել, ցույց տալ կամ մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ։ Բայց մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր։ Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է։ Առավել ևս 2020-ի պատերազմից ու 2021-ից ԱԺ ընտրություններից հետո մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ սահմանների ուղղությամբ գնդակոծություն էր սկսել։ Սահամանային լարվածության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ու նաև վիրավորներ ունի։