Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:
2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ սահմանափակ ժամանակով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրադրության կայունացման և կարգավորման համար: Խմբավորման կազմում ընդգրկված են եղել Հայաստանի (100 խաղաղապահ), Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: 2022 թվականի հունվարի 13-ին սկսվել Է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորակազմի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների վրա, այդ թվում՝ Ալմաթիի, հանրապետության խոշոր այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել են 17 ուժայիններ։