ՆԱՏՕ-ն ողջունում է հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է այդ երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում: «Մենք կոչ ենք անում Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Կոլոմինան:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով` «նշելով, որ հանդիպումն անցել է» դրական և կառուցողական մթնոլորտում», և որ «կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»։