Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր կնոջը ներառել է ԱՄՆ մեկնած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ վկայակոչում է ոչ պաշտոնական տեղեկությունները, թերևս պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա: Այդ իսկ պատճառով խնդրում է հաստատել կամ հերքել տեղեկությունները։
Պատգամավորը նաև հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնավարման չորս ամիսների ընթացքում հասցրել է այցելել յոթ երկիր, որի համար ծախսվել է մոտ 120 հազար ԱՄՆ դոլար։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր պատասխանի մեջ նշեց, որ Արեգնազ Մանուկյանը ԱԺ պատգամավոր է և հնարավորություն ունի վերահսկելու ծախսերի ուղղությունը: Նրա խոսքով՝ խորհրդարանի բոլոր ծախսերը կատարվում են թափանցիկ հիմունքներով:
«Ես պաշտոնական հարցում են ուղարկել` հետաքրքրվելով, թե որքան գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի համար կառավարական ամառանոցը վերանորոգելու վրա, բայց ինձ ասացին, որ այդ ծախսերը պետական գաղտնիք են։ Նույնը վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի գործուղումների հետ կապված ծախսերին. դրանք նույնպես թաքցվում են հանրությունից»,- պատասխանեց պատգամավորը՝ Հակոբ Արշակյանի պատասխանը դեմագոգիա և զավեշտալի որակելով։