Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև՝ բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Այսպես իր նիստը վարողի իրավունքով ունեցած արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, և ձեր ամբողջ խմբակցությունը, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա, և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատարությունն ու բարեհամբույրությունը»,- ասաց Ռուբինյանը՝ սպառնալով ասել կամ անել բաներ այսպես կարծողներին:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկկողմ հանդիպումը տևել է 1,5 ժամ։
Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։