Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես միշտ, կասկածի տակ է դնում իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Այսօր ևս ընդդիմությունը փորձեց ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին ներկայացնել որպես «Հայաստանում թուրքական ազդեցության գործակալ»։
«Ես իմ ելույթում հայտարարեցի, որ անհնար է շարժվել տրամաբանությամբ, որ այս կամ այն անձի՝ արտերկրում մնալը կապված է գործակալ լինելու հետ»,- ասաց փոխխոսնակը։
Արշակյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների թեմային այսօր Ռուբեն Ռուբինյանի հետ հանգամանորեն անդրադարձել է խորհրդարանի ամբիոնից։
«Սա հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումն է, և նորմալ է, որ դրա մասին դեռ շատ տեղեկություններ չկան։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ ուղղված սահմանների բացմանը և նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկկողմ հանդիպումը տևել է 1,5 ժամ։ Անկարայի և Երևանի միջև երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում այս երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։