«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող: Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին: Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նման բան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում, այնպես էլ հիմա է»,- ասաց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն փոխանցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ իշխանական աղբյուրների, ոչ այնքան կադրային դեֆիցիտի դրսեւորում է, որքան՝ «շախմատային» որոշում։ Վարչապետը խիստ դժգոհ է եղել Ռազմիկ Թեւոնյանի գործունեությունից եւ համարել է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն մարզպետն է, որը Մասիսում չկարողացավ անցկացնել իր ընկեր Սայադին, Վեդիում՝ Գարիկին, իսկ Արարատի իրենց թեկնածուն հաճախորդ կուսակցության հետ կոալիցիայով միայն համայնքապետ դարձավ։ Փաշինյանին հատկապես զայրացրել են Գարիկ Սարգսյանի դեմ Թեւոնյանի գործողությունները»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այս նստաշրջանը, ըստ ամենայնի, առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մասնավոր զրույցներում վստահեցնում է, որ կոշտացնելու են մարտավարությունը: Տարեսկզբին խմբակցությունը քննարկել է առաջիկա անելիքները եւ որոշել է ավելի խիստ ընդդիմություն դառնալ:
Իբրեւ հավաստում՝ վկայակոչում են որոշ պատգամավորների կոշտ քննադատությունը Ղազախստան՝ հայկական զորախումբ ուղարկելու որոշմանը, չնայած որոշումը, ըստ էության, հրահանգվել էր ՌԴ նախագահի կողմից, եւ Պուտինի ընկեր Քոչարյանը կարող էր անգամ ողջունել այն»: