Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:
«Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ արդյունաբերական հեղափոխություններից հետո, կարծում եմ, չեն լինի հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, քանի որ մենք ապրելու ենք մշտական հեղափոխության շրջանում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն: Դա կլինի հեղափոխություն, որը տեղի կունենա ամեն ամիս: Նոր տեխնոլոգիական զարգացումները, նոր գաղափարներն այնքան արագ են իրագործվելու, որ մենք դժվարանալու ենք հետևել։ Այս աշխարհը դարձել է անկանխատեսելի, փոխկապակցված, որտեղ անկայունության զգացում կա, որտեղ պոպուլիզմը շատ արագ է զարգանում: Սա աշխարհ է, որտեղ շատ անպատասխան հարցեր կան»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիաներն ու բիզնեսն ավելի «կանաչ» վարքագիծ դրսևորեն. «Աշխարհում առկա խնդիրներից մեկը կլիմայի, շրջակա միջավայրի պահպանությունն է: Ինչպե՞ս ենք մենք այդ խնդիրը լուծում: Մենք այս ոլորտում որոշակի առաջընթաց ունենք այն առումով, որ շատ ինստիտուտներ, ընկերություններ, բարեգործական կազմակերպություններ հանձնառություն ունեն՝ աջակցել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Սակայն ո՞րն է վերջնական լուծումը:
Կարծում եմ՝ լուծում կգտնվի, երբ կլիմայի փոփոխություններին առնչվող «դուռը» բացվի տեխնոլոգիաների համար: Մենք օգտագործել ենք տեխնոլոգիաները և վնասել կլիման, խնդրի լուծումը պետք է գտնվի տեխնոլոգիաների միջոցով: Լուծումը կգտնվի նաև այն ժամանակ, երբ կլիմայի փոփոխության լուծման դռները բացվեն բիզնեսի համար: Այսինքն՝ երբ բիզնեսը, արդյունաբերությունն ավելի շատ շահույթ ունենան «կանաչ» վարքագիծ դրսևորելով: Բիզնեսը պետք է շահագրգռված լինի բնությանն ավելի քիչ վնաս հասցնել: Ամբողջ աշխարհում՝ և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածում տրիլիոնավոր դոլարների հասանելիություն կա, որոնք կարող են ներդրվել այսպիսի բիզնեսում և այդ կերպ լուծել կլիմայի փոփոխություններ հետ կապված խնդիրները: Դա է առաջ գնալու ուղին»։
Նա նշել է, որ առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին, մեր բիզնեսին, որ մեր երեխաների համար մենք ցանկանում ենք կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնել: